2015-ի օգոստոսի 2-13-ին Երևանում կանցկացվեն Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որ ընդգրկված են Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ծրագրում: Խաղերի կազմակերպիչը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն է: Նույն ինքը՝ Վերահսկիչ պալատի նախագահը:
Առաջին հայացքից այս համատեղումը պատահական չէ, առավել քան օրինաչափ է Իշխան Զաքարյանի մարզական պաշտոնը, քան ՎՊ-ի նախագահի:
Քանզի պաշտոնական կենսագրության համաձայն՝ Իշխան Զաքարյանը 1993-1995 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի երիտասարդական հարցերով տեղակալ: 1997-2003 թթ. նշանակվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի փոխնախարար: 2000-2004 թթ. եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: 2003-2007 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ:
Իսկ հետո կարիերան կտրուկ փոխել է ուղղությունը. Իշխան Զաքարյանն անդամակցել է ԲՀԿ-ին ու 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր, հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի փոխնախագահ: Կարիերայի հերթական շրջադարձը 2007 թ. նոյեմբերի 5-ին էր. նա նշանակվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, իսկ 2013 թ. նոյեմբերի 12-ին Ազգային ժողովը նրան վերանշանակեց պաշտոնում՝ վեց տարի ժամկետով, այսինքն՝ մինչև 2019-ը նա ապահովված է պաշտոնով և ՎՊ-ի օրենքով անկախ գործելու է, եթե չորոշի հրաժարական տալ:
Սակայն վաղուց է հանրահայտ` կամավոր Հայաստանում պաշտոնից հրաժարական ոչ ոք չի տալիս: Դա՞ է պատճառը, որ մեկ մարդը համատեղում է և՛ ՎՊ նախագահի, և՛ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի գործերը։ Նույնիսկ եթե մեկը պետական ծառայություն է, մյուսը՝ հասարակական: Ինքնին ՎՊ նախագահի գործը ծանր ու բարդ աշխատանք է, պարզապես կարդացեք ՎՊ-ի մասին օրենքը և պատկերացրեք աշխատանքի ծավալը: Անգամ ոչ այնքան բարեխիղճ պաշտոնավարման դեպքում ոչ մի կերպ ժամանակ չես գտնի հասարակական ծանրաբեռնվածության համար, որը ոչ պակաս ժամանակատար է ու պատասխանատու: Որպես ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պարտավոր է վերահսկել բյուջեով հատկացված գումարների նպատակային ծախսերը, իսկ Համահայկական ամառային վեցերորդ խաղերի անցկացումը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես է ինքն իրեն վերահսկելու Իշխան Զաքարյանը: Մասշտաբների մասին պատկերացում կազմելու համար տեղեկացնեմ՝ 2015 թվականի օգոստոսի 2-13-ին անցկացվելիք խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Երևանի «Հրազդան» մարզադաշտում, փակման արարողությունը՝ Երևանի Ազատության հրապարակում՝ համերգային մեծ ծրագրով: Համահայկական 6-րդ խաղերում ընդգրկվել է 17 մարզաձև՝ նախորդ խաղերի համեմատ 7-ով ավելի: Խաղերն անցկացվելու են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Արտաշատում, Էջմիածնում և Աբովյանում: Արտերկրից խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել 2691 մարզիկ-մարզուհի: Ակնկալվում է, որ միայն արտերկրից մարզիկների թիվը կհասնի 5 հազարի: Հարց է նաև՝ օգոստոսին Իշխան Զաքարյանը արձակուրդ է գնալու իբրև ՎՊ նախագա՞հ, թե՞ շարունակելու է պաշտոնավարել:
Նա պատկանում է Հայաստանի անփոխարինելի ու անձեռնմխելի պաշտոնյաների թվի՞ն, ովքեր ի պաշտոնե կարող են ոչինչ չանել, անգամ ձախողել աշխատանքը, մասնագիտականի փոխարեն քաղաքական գնահատականներ հնչեցնել իրենց եզրակացություններում, բայց նշանակվում, ընտրվում, վերընտրվում ու վերանշանակվում են, մեկի փոխարեն մի քանի գործ են անում ու ամեն ինչ հասցնում են տեղին ու ժամանակին: Գուցե գաղտնիքը Իշխան Զաքարյանի հայրանվան մե՞ջ է...
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ